Ամեն ինչ ՀՈՒԼՈՒՆՔ հայկական ապրանքանիշի մասին․ Հարցազրույց Հասմիկ Բաբայանի հետ

  • Home
  • FASHION
  • Ամեն ինչ ՀՈՒԼՈՒՆՔ հայկական ապրանքանիշի մասին․ Հարցազրույց Հասմիկ Բաբայանի հետ

Mashroom: Խնդրում եմ պատմել Ձեր մասին, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Հուլունքի ճանապարհը:

Hasmik: Ես սպորտային լրագրող եմ, ինձ չեմ պատկերացնում առանց այս հետաքրքիր ու դինամիկ աշխատանքի: Սակայն սպորտն իմ միակ հետաքրքրությունը չէ, նորաձեւությունը ևս վաղուց գրավել է ինձ, սիրում եմ հետեւել բոլոր տենդենցներին ու ցուցադրություններին: Այնպես ստացվեց, որ շատ անսպասելի ինքս էլ սկսեցի ականջօղեր պատրաստել: Տարիների ընթացում զարդերի շատ մեծ հավաքածու եմ կուտակել, բայց մտքովս էլ չէր անցնի, որ ես էլ կհեղինակեմ:

Միտքը շատ պատահական ծնվեց, ավելի ճիշտ փայլատակեց, անգամ ես էի զարմացել, բայց գլխումս ծագած ձեւերն ու գույներն աստիճանաբար սկսեցի կյանքի կոչել: Այդպես ծնվեց Հուլունքը, սակայն անունը գտնելու համար երկար ժամանակ պահանջվեց, շատ տարբերակներ ունեի, բայց պետք էր ընտրել ամենահետաքրքիրը:

Ու արդեն մի քանի ամիս է Հուլունքն ակտիվ գործունեություն է ծավալում, աստիճանաբար մեծանում է նրանով հետաքրքրվողների  շրջանակը:

Mashroom: Ի՞նչ նյութերով եք սիրում աշխատել։

Hasmik: Նախնական շրջանում հիմնականում ուլունքներով էի աշխատում, բայց սկսեցի ընդլայնել տեսականին: Հատկապես սիրում եմ բնական նյութերը, շատ գեղեցիկ ու չկրկնվող են մասուրով ականջօղերը, վերջերս պղպեղով եմ փորձել ու բազմաթիվ դրական արձագանքներ ստացել: Առաջիկա հավածաքուն լինելու է օրգանական ապակուց, բայց ավելի հետաքրքիր նորություններ էլ եմ խոստանում, որոնց մասին դեռ չեմ նշի։

Mashroom: Ինչպիսի՞ն է կինը, ով կրում է Հուլունքի զարդերը:

Hasmik: Անկասկած հմայիչ է, ինքնավստահ, իր ուժերին հավատացող, փորձարկումներից  չվախեցող ու մեծ ուշադրությունից չխուսափող: Ամեն մեկը չէ, որ համաձայնվի կծու պղպեներով շրջել Երեւանում, ինքս փորձել եմ, ու հավատացեք`քչերն էին անտարբեր անցնում: Հուլունք կրողները պետք է հասկանան, որ hագուստն ու զարդերը ոչ մի իմաստ էլ չէին ունենա, քանի դեռ որեւէ մեկը չապրեր դրանց մեջ: Նախատեսված է բոլոր այն կանանց համար, ովքեր սիրում են իրենց ու չեն ամաչում դա ցույց տալ:

 Mashroom: Ապրանքանիշը կարգախոս ունի՞։

Hasmik: Առաջնային կարգախոսը սա էր՝ «Կյանքը կարճ է ձանձրալի զարդեր կրելու համար»: Սակայն հետո որոշեցի, որ ամեն ականջօղ իր հետ որոշակի ուղերձ պետք է ունենա, դրանցով ել սոցցանցերում արվում են հրապարակումները:  Դրանք շատ տարբեր են, կախված են այդ օրը ներկայացվող ականջօղերից ու թե ինչ են նրանք ցանկանում ասել: Օրինակ` «Մի վախեցեք կանգնեցնել երթեւեկությունը», «Մեր մոլորակը գլոբալ տաքացման կարիք ունի`ՍՐՏԵՐԻ», « Գնումներ կատարելն օգնում է կնոջը բացահայտել իր ստեղծագործական պոտենցիալը», «Տգեղ կանայք չեն լինում, ոմանք գեղեցիկ են վարդի պես, որոշներն էլ՝ կակտուսի», «Մի սպասեք իդեալական պահի, այլ վերցրեք ցանկացածն ու այն դարձրեք իդեալական», «Կանանց մոտ ամեն ինչն էլ սիրտ է, նույնիսկ գլուխը» և այլն:

Պարզապես մեկ կարգախոսով սահմանափակվել չէի կարող, ուզում եմ ամեն անգամ նոր ասելիք ունենալ:

Mashroom: Ո՞րտեղից կարելի է գնել Ձեր աշխատանքները։

Hasmik: Աշխատանքները դեռ խանութներում չեն վաճառվում, առաջիկայում հենց դրանով եմ զբաղվելու, բայց կա օնլայն վաճառք: Ցանկացողները կարող են գրել Հուլունքի Facebook-ի կամ Instagram-ի էջերին:

                 

 

Լուսանկարները՝ BRAVO.AM-ի

 

 

Facebook Comments