Ամանորի սեղանը Երեւանում

 

Որպես կանոն, շատ տնային տնտեսուհիներ նախընտրում են տարբեր խանութներից առևտուր կատարել՝ երշիկեղենն ու կաթնամթերքը, պահածոները, ոգելից խմիչքը՝ սուպերմարկետներից, միսը, բանջարեղենն ու մրգերը՝ շուկայից, իսկ խմորեղենը՝ փռերից կամ հրուշակեղենի խանութներից։ Մենք շրջել ենք քաղաքի այդ բոլոր առևտրի կետերով, որպեսզի պարզենք, թե ինչ կարժենա միջին ամանորյա զամբյուղը։

Նախ կկազմենք անհրաժեշտ մթերքների ցանկը։ Առանց ինչի՞ հնարավոր չէ պատկերացնել ամանորյա սեղանը՝ մանդարին, օլիվյե, շամպայն, տոլմա, խոզի բուդ ու նրբաբլիթներ։ Այսքանը կհամարենք տոնական must have-ը։ Իսկ սառը նախուտեստներից սեղանին պետք է պարտադիր լինեն խոզապուխտ, կարմիր ձկնկիթ, պանրի տեսականի, ձիթապտուղ, ընդեղեն, մոսկովյան կոնֆետներ, կոնյակ, լիմոնադ եւ գաթա։ Եվ այսպես,  մեր սեղանին արդեն կա մոտ 15 տարբեր ուտեստ։

Ամանորյա զամբյուղի մթերքները

Ամենակարևորն, իհարկե, միսն է, այնպես որ մենք կգնանք շուկա՝ մեր պարտադիր կերակրատեսակների համար խոզի բուդ ու տավարի միս գնելու։ Մեզ պետք է մեկուկես կիլոգրամ տավարի և խոզի միս՝ նրբաբլիթների ու տոլմայի համար, իսկ սեղանի «թագուհուն» կընտրենք 4 կգ-ից ոչ մեծ։ Այստեղ կգնենք նաև տարբեր կանաչիների փնջեր, մի քանի կգ մանդարին, վարունգ, լոլիկ, կարտոֆիլ, սոխ ու գազար։

Շուկայում մսի վրա կծախսենք մոտ 24 000 դրամ:

Իսկ հիմա վազենք սուպերմարկետ, որտեղ կգնենք ամանորյա սեղանի մնացած բաղադրիչները։ Զամբյուղի մեջ ենք լցնում կանաչ ոլոռ, մայոնեզ, ձիթապտուղ, խաղողի տերևներ, կաթ, կտրատած երշիկեղեն, պանիր, ձկնկիթ, սերուցքային կարագ, քաղցրավենիք ու ըմպելիք, մոտ տասը ձու։ Եվ այսպես, հաշվենք, թե ինչ գումարի մթերք են հավաքել զամբյուղում։

Իմ հաշվարկներով՝ սուպերմարկետում ընտանեկան բյուջեն «սնանկանում է» 35 250 դրամով։

Իսկ հրուշակեղենի խանութից գաթա գնելու համար ևս 2500 -3000 դրամ կպահանջվի։

Ինչպես ասում են՝ աշխարհի բոլոր մարկետոլոգները անզոր են գնումների ցանկով տղամարդու դեմ, դրա համար էլ տոնական գնումների պատրաստվելիս հստակ գրեք, թե ինչ է պետք։ Ավելորդ բաները կարելի է հանգիստ ջնջել, իսկ քանակը՝ շտկել։ Ցանկը կազմված էր երկու-երեք անդամից բաղկացած ընտանիքի համար։

Արդյունքում՝ միջին Ամանորը փոքր ընտանիքի համար կարժենա մոտ 62 000 դրամ։ Հաշվի առեք, որ ընտրել էինք ոչ թանկարժեք մթերքներ, հիմնականում տեղական արտադրության։

Facebook Comments