“ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԶԱՐԳԱՆՈՒՄ PLAYROOM-ՈՒՄ”. Հարցազրույց կենտրոնի հիմնադիր Աննա Մինասյանի հետ

  • Home
  • GO and SEE
  • “ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԶԱՐԳԱՆՈՒՄ PLAYROOM-ՈՒՄ”. Հարցազրույց կենտրոնի հիմնադիր Աննա Մինասյանի հետ

Ո՞ւր տանել փոքրիկին, որպեսզի նա լինի ապահով, մաքուր և ուրախ պայմաններում… Հարցնում են բոլոր ծնողները ու տարակուսանքի մատնվում, չէ՞ որ այդքան դժվար է վստահել երեխայիդ անծանոթ մարդկանց թեկուզ 1 ժամով… Բայց ուրախությամբ եմ նշում, ասում եմ, որպես մայրիկ, որ այսօր Երևանում գործում է այդպիսի վստահելի ու գեղեցիկ մի վայր՝ Արզումանյան 4/1 հասցեում գտնվող PLAYROOM մանկական ժամանցի և զարգացման կենտրոնը, ուր գալիս են փոքրիկներ սկսած 1,5 տարեկանից քաղաքի տարբեր ծայրերից ու վայելում խաղը՝ որպես զարգացման առաջին նախապայման: Կենտրոնի հիմնադիրն է 2 հրաշք բալիկների մայրիկ՝ Աննա Մինասյանը, ում երազանքն է եղել տաքուկ մի վայր ստեղծել, որտեղ իր սեփական մանուկներին կլինի հարմարավետ և ուրախ: Ահա այն սեփական փորձի գործոնը, որը գործածեցինք այսօր նաև ես և Նարեկը՝ այցելելով լուսավոր ու անչափ գեղեցիկ PLAYROOM:

Mashroom: Խնդրում եմ պատմել Ձեր կենտրոնի մասին, երբ է բացվել Playroom-ը և ինչ ծառայություններ է մատուցում:

Anna: Playroom-ի գաղափարը մշակվել է շուրջ 6 ամիս, քանի որ մենք ինքներս ծնողներ ենք ու ցանկանում էինք ջերմ միջավայր ստեղծել: Հոկտեմբերի 22-ին կայացավ մեր բացումը և ամենաուրախալին այն է, որ ծնողները, ովքեր մեկ անգամ այցելում են մեզ, վերադառնում են իրենց փոքրիկների հետ նորից ու նորից: Մեր կենտրոնը ժամանցային է և զարգացնող, այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի երեխան զարգանա խաղի միջոցով: Ես համարում եմ, որ երեխան պիտի խաղի միջոցով զարգանա, այլ ոչ թե ստիպող մեթոդներով: Մեզ մոտ խաղալով երեխան զարգանում է, այդ է պատճառը, որ նախապատվություն ենք տվել բարձրակարգ որակի խաղալիքների պատրաստված անվտանգ նյութերից:

Mashroom: Ո՞ր տարիքից են երեխաները այցելում Playroom:

Anna: 1,5 տարեկանից փոքրիկները կարող են հաճախել Playroom և անցկացնել ժամանակը խաղալիքների, զարգացնող խաղերի, կինետիկ ավազի, պլաստելինի, լեգոյի սեղանի, կրեատիվ զոնայի օգնությամբ, որտեղ ի դեպ կարող են նկարել տարբեր նյութերով և տեխնիկաներով: Մեզ մոտ նաև կարելի է նշել ծննդյան տոնը, ունենք դրա համար առանձնացված հատված, որը դեռ տեղավորում է  միայն 10 փոքրիկների, սակայն շուտով կընդլայնվենք: Պիտի նշեմ, որ մենյուն կազմվում է ծնողի հետ համատեղ հատուկ մանկական ճաշացանկից, որը մեզ համար մշակել է քաղաքի ամենահամեղ սրճարաններից մեկը՝ ՄԵՐՍԻ-ն:

Mashroom: Ես գիտեմ, որ Ամանորին ընդառաջ այստեղ նախատեսվում է ակցիա. երեխաների դասաժամերը կարող են լինել ուշ երեկոյան, որպեսզի ծնողները պատրաստվեն այս տոնին, շոփինգի գնան, ինչու չէ, զարդարեն բնակարանը… Կպատմե՞ք այդ ակցիայի մասին: 

Anna: Այս ակցիան ժամանակավոր չէ, այլ մշտական, ուղղակի այն Նոր Տարվա շեմին առավել ակտուալ կլինի: Մենք աշխատում ենք ամեն օր առավոտյան 10.00-ից մինչև երեկոյան 20.00: Առաջին դասաժամը արժե 1500 դրամ, հաջորդող ժամերը՝ 1000 դրամ: Սակայն, եթե մայրիկը զգուշացնի թեկուզ այդ օրը առավոտյան, որ 20.00-ից հետո բերելու է բալիկին, մեր աշկատակիցները սիրով կխնամեն մինչև ուշ երեկո: 20.00-ից հետո մեկ դասաժամը 2500 դրամ արժե:  Մենք ունենք աբոնեմենտներ 10 ժամը 9000 դրամ արժողությամբ, 20 ժամը՝ 16.000 դրամ, 30 ժամը՝ 21.000 դրամ:

 

Mashroom: Խնդրում եմ նշել, ինչո՞ւ եք ընտրել հենց այս հասցեն:

Anna:  Մենք գտնվում ենք Թումանյանի այգու, Թումո նորարարական կենտրոնի հարևանությամբ, Արզումանյան 4/1 հասցեով: Ցանկանում էինք, որպեսզի մեր համայնքները զարգանան համաչափ, ամեն ինչ կենտրոնացված չլինի Փոքր Կենտրոնում, և այն փոքրիկները, ովքեր ապրում են այս թաղամասում, նույնպես օգտվեն նման գեղեցիկ կենտրոնի ծառայություններից:

Mashroom: Խնդրում եմ պատմել Ձեր մասին, արդյո՞ք մանկավարժ եք: 

Anna: Մասնագիտությամբ մանկավարժ չեմ, ուղղակի մայրիկ եմ, ում համար կարևոր է եղել մշտապես տեղեկացված լինել դաստիարակության և զարգացման մեթոդներից, ինքս շատ եմ ուսումնասիրել բոլոր մեթոդները, հակված եմ Մոնտեսսորի մեթոդին, սակայն համարում եմ նաև, որ առաջինը, ինչ հարկավոր է երեխային շրջապատող մարդկանց սերն է:

    

                                           

Facebook Comments