Ո՞րտեղ են լավագույն բուրգերները. 5 տարբերակ Մարգարիտայից

  • Home
  • EAT and DRINK
  • Ո՞րտեղ են լավագույն բուրգերները. 5 տարբերակ Մարգարիտայից

Ասում են, ֆասթ-ֆուդը վնաս է առողջությանը, բայց այդ խոսակցությունները չեն խանգարում դրա պահանջված ու սիրված լինելուն մարդկանց ստվար զանգվածի կողմից: Մեր Lifestyle բաժնի խմբագիր Մարգարիտա Ավագյանը շրջել է մեր քաղաքի լավագույն բուրգերներ պատրաստող հաստատություններով և պատրաստ է ներկայացնել դրանք Ձեզ դատին:

 

Black Angus

Black Angus-ը Երևանի լավագույն բուրգեր-բարերից մեկն է: Հաստատության այցելուներին բուրգերների ավելի քան 10 տեսակ է առաջարկում. հավի, գառան, ավոկադոյով, մոցարելլայով, դոր բլյուով, կծու պղպեղով, սև հացով… Այս հաստատությունում, ինչպես աշխատակիցներն են պնդում, անգուս տեսակի ցլի մսից բուրգեր են մատուցում: Բուրգեր կամ սթեյք պատվիրելիս կարող եք ինքներդ ընտրել և՛ միսը, և՛ կոտլետի տապակման աստիճանը: Բուսակերների համար առաջարկվում են բուրգերներ սնկով, սոխով, տապակած բանջարեղենով:

Pepper Burger Bar

Այստեղ 12 տեսակ բուրգերներ են առաջարկում, որոնց միջուկն ինքներդ կարող եք ընտրել: Ճաշացանկում ներկայացված են առանձին բաղադրիչները, իսկ դուք ընտրում և կազմում եք ձեր երազանքի բուրգերը: Այստեղ կարող եք գտնել տավարի, հավի եւ նույնիսկ խոզի մսից բուրգերներ: Ընտրություն ունեն նաև բուսակերները. բուրգեր բանջարեղենով կամ սիսեռի կոտլետով: Բուրգերի հետ կարող եք ընտրել նաև տեղում պատրաստված ցիտրուսային կամ ելակի լիմոնադ: Ճաշացանկում կգտնեք նաև աղցաններ, ապուրներ, սենդվիչներ:

Bulldog

Այս հաստատությունը Երևանում բացվել է ուղիղ մեկ տարի առաջ, բայց արդեն ճանաչում է ձեռք բերել իր համեղ ուտեստներով: Չնայած այստեղ միայն երկու տեսակի բուրգեր կա՝ հավի եւ տավարի մսով, սակայն արագ սննդի սիրահարները պաշտում են այս վայրը: Փափուկ հաց քնջութով, հյութեղ միս և համեղ սոուսներ. իսկական հաճույք բուրգերի սիրահարների համար: Այստեղ նաև հունական, բավարական, ֆրանսիական ձևով հրաշալի հոթ-դոգ են պատրաստում:

Pitstop

Իր համեղ բուրգերներով հպարտանում է նաև այս հաստատությունը: Ճաշացանկում 16 տեսակի բուրգեր կա՝ չհաշված հոթ-դոգը, սենդվիչները, հավի ռոլերը: Ամերիկյան համեստ ճաշարան հիշեցնող հաստատությունում ինքնասպասարկում է: Եթե մյուս բուրգեր-բարերում մարդաշատ է լինում միայն երեկոյան, ապա այստեղ՝ նաև ցերեկվա ժամերին: Սրճարանն աշխատում է մինչև առավոտյան 4-ը:

Ճաշացանկում, հավի և տավարի մսով սովորական բուրգերներից բացի, նաև սուջուխով եւ բանջարեղենով բուրգերներ կան: Այստեղ պատվերը մատուցեցին 5 րոպեում, իսկ բուրգերը, պարզվեց, հսկայական է: Միակ թերությունն այն էր, որ հացը փոքր-ինչ չոր էր:

Classic Burger

Ցանցը գործում է Երևանի կենտրոնում եւ առևտրի համալիրներում: Հաստատությունն ավելի քան 10 տեսակի դասական բուրգեր է առաջարկում հավի և տավարի մսով: «Double Chicken burger»-ը պարզապես հրաշալի է. երկու հավի կոտլետ, չեդեր պանիր, ցորենի ալյուրից հաց, մարինացված վարունգ, մի շերտ լոլիկ, հազարի տերև և սոխ: Իհարկե՝ առանց վեգանների բաղադրիչի անհնար է. բանջարեղեն եւ մսի փոխարինիչ: Իսկ մոցարելլայի սիրահարներն այստեղ կգտնեն պանրի ձողիկներ և տարբեր սոուսներ:

 

Facebook Comments