Երևանի 5 լավագույն հրուշակարանները

Մեր Lifestyle բաժնի խմբագիր Մարգարիտա Ավագյանը ձեզ է ներկայացնում Երևանի 5 լավագույն վայրերը, որտեղ կարող եք համտեսել ամենահամեղ քաղցրավենիքներն ու թխվածքները:

Crumbs The Bread Factory

Այս փուռ-հրուշակարանում բոլոր սննդակարգերի մասին մոռանում ես, երբ արդեն մտնելիս քեզ թարմ հացի, կաթնահունց բուլկիի կամ էկլերի բույրն է դիմավորում: Այստեղ կարելի է համտեսել նաեւ ախորժալի սենդվիչներ, բեյգլներ, բուրգերներ: Նոր համերի սիրահարներին խորհուրդ ենք տալիս համտեսել ընկույզով, չամիչով եւ մեղրով կարկանդակները: Աղանդերի համը կոզինախ է հիշեցնում: Այն ավելի համեղ է մեկ գավաթ կապուչինոյով կամ բերգամոտով թեյով:

Baguette & Co

Զուր չէ, որ այս հաստատությունը քաղաքում ամենահայտնի փուռն է համարվում: Այստեղ կարող ես գտնել ե՛ւ կարկանդակներ, ե՛ւ բուրգերներ, ե՛ւ սենդվիչներ, ինչպես նաեւ փխրուն բեզե, տիրամիս, էկլեր, նուշի կրեմով կրուասան: Սա ուղղակի դրախտ է քաղցրակերների եւ համի ու որակի իրական արժեքն իմացողների համար: Անպայման փորձեք հատապտուղներով միլֆեյը, որը նրբահամ, փխրուն, ոչ քաղցրածոր աղանդեր է: Այն գեղագիտական եւ համային վայելքի դասական քաղցրավենիք է:

Louis Charden

Այս սրճարան-հրուշակարանը ինտերիերից մինչեւ թխվածքներ ֆրանսիական նրբաճաշակությամբ է լուծված: Այստեղ ավանդական հաց են թխում, ինչպես նաեւ հավելումներով հաց, բագետներ, դարչինով եւ չամիչով բուլկիներ: Փքուն կաթնահունց բլիթներից բացի, աչքի են զարնում հրուշակագործական փոքրաչափ արտադրանքը, չիզքեյքերը, ազնվամորիով եւ ելակով տարտը, շտրուդելը եւ, իհարկե, մակարոնները: Շոկոլադի սիրահարներն անպայման պետք է համտեսեն փայտիկով «Էսկիմո» աղանդերը:

Malocco Café

Այս հաստատության ցանկացած աղանդեր արվեստի իսկական ստեղծագործություն է: Արտաքին գեղեցկությունը համապատասխանում է ներքին բովանդակությանը. օգտագործվում են որակյալ եւ թարմ մթերքներ: Ամենահայտնի աղանդերներից է հատապտղային մուսը եւ նրբահամ պանակոտան: Քաղցրեղենից բացի, այստեղ մատուցում են մսով լցոնված կրուասաններ, սենդվիչներ, նախաճաշ, նրբահամ աղցաններ եւ մսով ճաշատեսակներ:

Mono

Այս վայրն իր աղանդերներով վաղուց է հռչակվել: Ահռելի ընտրություն կա՝ սերուցքով, կրեմով, պրալինով, հատապտուղներով թխվածքներ, փխրուն թղվածքաբլիթներ, ձեռքով պատրաստված կոնֆետներ: Նրանց, ովքեր խառը եւ նոր համեր են նախընտրում, այլ ոչ սովորական դասականը, առաջարկում ենք վայելել Normand կարկանդակի համը: Նրա մեջ համակցված են պնդուկը, նուշը, խնձորի տատինը եւ կարամելային մուսը: Ձեզ մի զրկեք փոքր, հաճելի եւ համեղ ուրախությունից:

Facebook Comments